Քաղաքական բաղադրիչն ԱԺ-ում բավական մեծացել է, մեծացել է նաև արմատական ընդդիմության ներկայացվածությունը, այնպես որ՝ քաղաքական բավական նորմալ իրավիճակ է ստեղծվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է, և ոչ մի պատգամավոր իրեն չի կարող նիստերից բացակայելու շռայլություն թույլ տալ:
«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա կարծում եմ՝ շատ նորմալ է, որ ընդդիմությունն իր ասելիքները հիմնավորում է ԱԺ ամբիոնից: Ավելի հզոր հարթակ, քան ԱԺ ամբիոնն է, մեր երկրում չկա, սակայն ՀԱԿ-ի իրավունքն է հանրահավաքներ նույնպես անել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն իր հերթին նկատեց, որ ՀԱԿ-ի մասնակցությունն ԱԺ նիստերին իմաստավորված կլինի միայն մեկ, այն է՝ հանրահավաքային պայքարը շարունակելու պարագայում:
«Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու համար էական փոփոխություններ են անհրաժեշտ: Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին հասարակությունը իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն ունի»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ ԱԺ-ն ձևավորվել է ընտրակաշառքի և կրիմինալի արդյունքում, այդ պատճառով էլ այլընտրանքը մնում է փողոցային պայքարը: «Ամենաշատ ընտրակաշառքը բաժանել է ԲՀԿ-ն, այնուհետև ՀՀԿ-ն, իսկ վերջում՝ ՕԵԿ-ը»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































