Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա, ԱՆ քրեակատարողական հիմնարկների նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի կալանավորման վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը:
Մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն այժմ երկամսյա կալանքի մեջ է:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ՔԿՀ վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2006-ի հունիսին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Այնուհետև նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից մարդ առևանգելու համար: Իսկ այժմ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով է:
Նշենք, որ այն ժամանակ Հովհաննիսյանը կալանավորվեց և 5 ամիս մնաց կալանքի տակ, սակայն հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով:











































