ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ ժամը 10:00-ին, (երևանյան ժամանակով՝ 18:00-ին) դռնփակ նիստում տեղեկություն կստանա Սիրիայում ՄԱԿ-ի դադարեցված դիտորդական առաքելության կարգավիճակի մասին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Ժնևից տեսակոնֆերանսով ԱԽ անդամների համար ելույթ կունենա ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի տեղակալ Նասեր Ալ-Քիդուան: ԱԽ անդամները նաև հնարավորություն կստանան հարցեր տալ խաղաղպահ գործունեության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսին:
Այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն տեղեկություն է լսում Սիրիայի ճգնաժամի կարգավորման ջանքերի մասին. հունիսի 7-ին այդ նպատակով Նյու Յորքում էր ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անան, իսկ հունիսի 19-ին՝ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդը:
Հունիսի 17-ին Մուդը որոշում էր կայացրել դադարեցնել ՄԱԿ-ի դիտորդների գործունեությունը՝ կապված երկրում ուժեղացած բռնության ալիքի հետ, ինչը գործնականում անհնար էր դարձրել դիտորդների գործունեությւնը: ՄԱԿ-ի ԱԽ 2043 բանաձևի համաձայն՝ դիտորդական առաքելության ժամկետը լրանում է հուլիսի 20-ին: Առայժմ ոչ ոք չի կանխատեսում՝ արդյոք կերկարացվի մանդատը:
Փորձագետների կարծիքով՝ այսօր կայանալիք ճեպազրույցում ուղադրության կենտրոնում կլինի Սիրիայի հարցով միջազգային համաժողով հրավիրելու հարցը, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 30-ին Ժնևում: Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես է եկել Մոսկվան:
ՄԱԿ-ի դիվանագետները կարծում են, որ այդ համաժողովի հետ կապված սպասումները մեծացան այն բանից հետո, երբ հունիսի 18-ին Լոս Կաբոսում (Մեքսիկա) տեղի ունեցաղ G20-ի գագաթնաժողովին ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո չհաջողվեց որևէ բեկում մտցնել սիրիական հարցում:









































