Aravot.am-ի փոխանցմամբ` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Խորին ափսոսանքով տեղեկացանք, որ 2012 թ. հունիսի 16-ին լույս է տեսել Փարիզում հրատարակվող «Աշխարհ» պարբերականի վերջին համարը: Թերթը, որը լույս էր տեսնում 1950 թվականից, վերջնականապես փակվել է նյութական միջոցներ չունենալու պատճառով:
Սփյուռքի ցանկացած լրատվամիջոցի կորուստը հարված է ոչ միայն տվյալ երկրի համայնքին, այլև հայ մշակույթին ընդհանրապես, առավել ևս, երբ խոսք է գնում հարուստ ավանդույթներ ունեցող հայալեզու մամուլի մասին:
Ֆրանսահայ համայնքում, որն, ի դեպ, աշխարհի ամենահայաշատ համայնքներից մեկն է, հայկական լրատվամիջոցները ծանր ժամանակներ են ապրում. մի քանի տարի առաջ փակվեց հայալեզու «Յառաջ»-ը, այժմ` «Աշխարհը»: Վատ է վիճակը ֆրանսալեզո Magazine France-Arménie-ում, որը ստիպված փոխել է ֆորմատը: Նյութական դժվարություններ ունի նաև Nouvelles d’Arménie ամսագիրը: Դժվար պայմաններում է գործում Ֆրանսիայում լույս տեսնող և այս պահին արդեն որպես հայալեզու մամուլ միակը մնացած «Նոր Յառաջը»:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը բազմիցս նշել է Սփյուռքի հայկական լրատվամիջոցներին ՀՀ պետական աջակցության ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին:
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չպետք է Սփյուռքի լրատվամիջոցները դիտարկեն պարզապես որպես այլ երկրում գործող մասնավոր բիզնես, որը պետք է ապրի և գործի զուտ շուկայի օրենքներով: Այդ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն իր վրա է վերցրել լեզվի և մշակութային ինքնության պահպանման, հայապահպանության, կրթական խնդիրների լուծման ծանր մի բեռ, աշխատում է ինքնանվիրումով, մեծ մասամբ առանց որևէ նյութական շահ հետապնդելու և մեծ դերակատարություն ունի Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում:
Ճիշտ չի լինի պնդել, թե համազգային խնդիրների տեսանկյունից ՀՀ-ում չի կարևորում Սփյուռքի հետ այդ գործակցությունը: Հայաստան-Սփյուռք գործակցությունն այնքան է կարևորվել ՀՀ-ի կողմից, որ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, որը կոչված է ՀՀ նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակել և իրականացնել ՀՀ կառավարության քաղաքականությունը Հայաստանի և Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառույցների հետ գործակցության զարգացման, հայապահպանության, Սփյուռքի ներուժի հայտնաբերման, հայրենադարձության և այլ բնագավառներում:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը գտնում է, որ այդ քաղաքականության շրջանակներում պետք է հատուկ մոտեցում ցուցաբերվի Սփյուռքում գործող հայկական մամուլի և առանձնապես հայալեզու մամուլի՝ որպես հայապահպանության հենասյուներից մեկի նկատմամբ։ Անհրաժեշտ է այս հարցում փնտրել և գտնել խելամիտ լուծումներ Սփյուռքում գործող հեղինակավոր մամուլի միջոցներին նյութապես աջակցելու հարցում՝ առավել ևս, որ վերջիններս հանդիսանում են նաև ազգային և մշակութային մեծագույն արժեք: Հապաղել այս հարցում այլևս չի կարելի»:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյան







































