Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարգադրել է վերանորոգել երկրի արևմուտքում ընկած Գուրիայի շրջանի Մամատի գյուղի ճանապարհը: Մամատիում է ծնվել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն:
Սաակաշվիլին հիշել է, որ այն ժամանակ, երբ ինքն ընդդիմադիր էր և եկել էր Մամատի՝ տեղական բնակչության հետ հանդիպելու, ճանապարհը գտնվում էր վատթար վիճակում, իսկ բնակիչներն իրեն բողոքել էին տվյալ ժամանակվա նախագահ Շևարդնաձեից, որ նա բավականաչափ ուշադրություն չի դարձնում իր ծննդավայրին:
Սաակաշվիլին խոստովանել է, որ իր նախագահության ժամանակ այդ ճանապարհն այդպես էլ չի վերանորոգվել, ինչը պարզապես ամոթալի է: Հայտնի չէ, թե ճանապարհը երբ կբարեկարգվի, սակայն ուշագրավն այն է, որ Սաակաշվիլին այդ մասին հիշել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:









































