Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Հոսպիտալի աշխատակցուհին նշեց, որ ոչ մի փոփոխություն չկա: Ըստ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հեռախոսային օպերատորի՝ այդ օրը ծեծի ենթարկված՝ նույն զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի վիճակի մոտ է բավարարին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կա 6 կալանավորված:








































