Ուրուգվայի կառավարությունը որոշել է մարիխուանա աճեցնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իշխանությունների գնահատմամբ` երկրի 3 մլն-անոց բնակչությանը անհրաժեշտ կլինի շուրջ 27 տոննա մարիխուանա: Որպես պլանտացիա՝ նախատեսվում է տրամադրել շուրջ 100 հա հողատարածք: Դեռ պարզ չէ` մարիխուանայի աճեցմամբ պետք է զբաղվեն պետական ծառայողնե՞րը, թե՞ արտադրությունը կվստահվի մասնավոր ընկերություններին:
Կառավարությունը մարիխուանայի աճեցման ծրագիրը կյանքի կոչելուն կկարողանա անցնել այն բանից հետո, երբ երկրի Կոնգրեսը հավանության կարժանացնի կաննաբիոնիդների օրինականացման մասին օրինագիծը, որը անցած շաբաթ է ներկայացվել: Ավելի վաղ Ուրուգվայում ընդունվել էր օրենք, որը թույլ էր տալիս թեթև թմրամիջոցների կիրառումը, սակայն դրանց վաճառքը մինչ օրս արգելված էր:
Օրինականացնելով մարիխուանայի վաճառքը` Ուրուգվայի կառավարությունը հուսով է նվազեցնել հանցավորության աստիճանը երկրում: Ըստ երկրի կառավարության` սև շուկան երկրի բնակչության համար ավելի շատ վտանգ է ներկայացնում, քան թեթև թմրամիջոցները:
Եթե նոր օրինագիծն ընդունվի Կոնգրեսի կողմից, ապա մարիխուանայի աճեցումը կսկսվի 2012 թ. սեպտեմբերից: Կես տարի անց կառավարությունը հուսով է ստանալ առաջին բերքը:










































