Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ձայների մեծամասնությունը ստացել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման առաջնորդ Մոհամմեդ Մուրսին, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդել է նախագահի ընտրությունների գերագույն հանձնաժողովի նախագահ Ֆարուկ Սուլթանը, Մուրսիի օգտին քվեարկել է 13.23 միլիոն ընտրող (51.7 % ): Նրա հակառակորդ` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հավաքել է 12.35 միլիոն ձայն կամ 48,3%-ը, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները: Կահիրեի Թահրիր հրապարակում ընտրությունների արդյունքների մասին ուղիղ հեռարձակում է: Այն լսում են հազարավոր ցուցարարներ:
Ավելի վաղ Մուրսին և Շաֆիկը իրենց հաղթող էին ճանաչել ընտրություններում:
Անցած շաբաթ` նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո, զինվորական խորհուրդը ազատ էր արձակել երկրի կառավարությունը և իրեն էր վերապահել օրենսդիրի լիազորություններ:
Հիշեցնենք, Եգիպտոսի վերջին նախագահ Հոսնի Մուբարաքը նախագահի պաշտոնից հեռացել է 2011-ի փետրվարի 11-ին` 18 օրվա ժողովրդական անհանգստություններից հետո: Մուբարաքը ցմահ ազատազրկման է ենթարկվել և այժմ առողջական վատ վիճակի պատճառով գտնվում է զինվորական հոսպիտալում:






































