Ադրբեջանական 1news.az լրատվականը հարցազրույց է հրապարակել International Alert ոչ պետական խաղաղարար կազմակերպության Եվրասիայի ծրագրերի պատասխանատու Դեսիսլավա Ռուսանովայի հետ:
«Կարծես ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է: Առաջ գնալու համար անհրաժեշտ է կողմերի կամքը, պետք է առաջարկություններ արվեն, որոնք առավելագույնս կբավարարեն կողմերի շահերը: Իհարկե, առաջարկություններից բացի, անհրաժեշտ են նաև իրական քայլեր, այլ ոչ միայն կոսմետիկ զիջումներ»,- ասել է Ռուսանովան:
Փորձագետը գտնում է, որ խնդրի կարգավորման բանալիները քաղաքական գործիչների ձեռքում են, սակայն հասարակությունների միջև դրական տեղաշարժերը կարող են օգնել այդ գործիչներին հետագայում:
«Հակամարտության կողմերը կարող են աջակցություն ստանալ, եթե կառուցողական քայլեր անելու ցանկություն ունեն: Նախաձեռնությունները հիմնականում նրանք պետք է անեն, և այս առումով մտահոգիչ է դիրքորոշումների կոշտացումը: Ցավոք, դա առաջընթաց արձանագրելու հույսեր չի ներշնչում»,- եզրակացրել է Ռուսանովան:









































