Samsung–ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ընկերությունը հետաքննելու է իր Samsung Galaxy S III սմարթֆոնի ինքնահրկիզման դեպքը, որի հետևանքով սարքը մասնակի հալվել է:
«Վերջերս համացանցում Galaxy SIII-ի լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, որ ներքևի մասը վնասվել է ջերմային ազդեցությունից: Ընկերությունը տեղյակ է խնդրի մասին և կհետաքննի դեպքը վնասված սարքավորումը ստանալուց անմիջապես հետո»,- նշվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Պատահարի մասին առաջին անգամ հայտնի է դարձել իռլանդական Boards.ie ֆորումից, որտեղ dillo2k10 անունով օգտատերը հայտնել է, որ իր Galaxy S III հեռախոսը սկսել է այրվել հենց իր աչքի առաջ: Սկզբում նրանից ձայներ են լսվել, հետո կայծեր են թռել և սպիտակ կրակ է դուրս եկել: Դրանից հետո հեռախոսը շարունակել է աշխատել, սակայն կապ չի ունեցել:
Տուժողը շատ է վախեցել, որովհետև նման բան կարող էր պատահել նաև նրա գրպանում, կամ գիշերը` անկողնու մոտ: Այդ հեռախոսը հանձնվել է Carphone Warehouse բրիտանական խանութին, որը հրաժարվել է միանգամից փոխել հեռախոսը և այն հետաքննության է ուղարկել:








































