Բանտից ռազմական հոսպիտալ տարված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կրկին վատացել է: Այս մասին եգիպտական Youm7 թերթին հայտնել է բժշկական շրջանակների աղբյուրը:
Ստացված տեղեկությունների համաձայն` Մուբարաքը կրկին նոպա է ունեցել և գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ։
Տեղի մամուլում նաև հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ հիվանդանոց են ժամանել Մուբարաքի կինը` Սյուզան Սաբիտը և երկու հարսները:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Հոսնի Մուբարաքը բանտից հրատապ տեղափոխվել էր ռազմական հոսպիտալ: Չորեքշաբթի երեկոյան MENA գործակալությունը հայտնել էր Մուբարաքի կլինիկական մահվան մասին: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ Մուբարաքին միացրել են արհեստական շնչառության սարքավորմանը: Բացի այդ, լուրեր տարածվեցին, որ Մուբարաքը կոմայի մեջ է, և նրա սիրտը մի քանի անգամ կանգ է առել: Հոսպիտալ էին տարվել նրա երկու որդիները, որոնք նախնական կալանքի տակ են գտնվում:
Ներկա դրությամբ որևէ նոր տեղեկություն Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակի մասին չի եղել:





































