Մյունխենում շուրջ 2000 մարդ է մասնակցել ամերիկացի հայտնի լուսանկարիչ Սփենսեր Տունիկի ինստալացիային, որն այսօր Բավարիայում ներկայացրել է իր նոր` «Մատանի» նախագիծը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ակցիան տեղի է ունեցել վաղ առավոտյան քաղաքի կենտրոնական մասում` Օդեոնպլաց, Յոզեֆպլաց հրապարակներում ու Լյուդվիգշտրասսե փողոցում:
Ակցիայի մասնակիցները իրենց մերկ մարմինները պատել են կարմիր ու ոսկեգույն ներկով ու պատկերել են բոց, որը դուրս է գալիս հրեշի երախից, ապա՝ մատանի, որը հիշեցնում է Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» օպերայի գործողությունից հատված:
«Մատանի» նախագիծը լուսանկարչի երկրորդ նախագիծն է, որ իրականացնում է Գերմանիայում: Նախագիծը կյանքի կոչելուն Տունիկին օգնել են 80 կամավորներ: Ի սկզբանե զանգվածային միջոցառմանը մասնակցելու ցանկություն էր հայտնել 2.5 հազար մարդ:
«Մատանի» նախագիծը Տունիկը «կապել է» այսօր բացվող Մյունխենի օպերային փառատոնի հետ, որի շրջանակում կկատարվեն Վագների ստեղծագործությունները:
Ամերիկացի լուսանկարչի ակցիաները ներառում են քանդակը, լենդ-արթը, որտեղ նկարչի ստեղծագործությունը անբաժանելիորեն կապվում է բնական լանդշաֆտի հետ:










































