«Եգիպտոսում իշխող զինվորականների և «Մուսուլման եղբայրներ» խմբավորման միջև փոխադարձ դժգոհությունն ու լարվածությունն ավելի է աճում պետության ղեկավարի ընտրությունների արդյունքներին սպասելիս»,– գրում է Ria Novosti-ն: Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար պայքարում էին իսլամիստ Մուհամմեդ Մուրսին և անկախ թեկնածու Ահմեդ Շաֆիկը:
Ընտրությունները Եգիպտոսում ավարտվել են հունիսի 17-ին, սակայն պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Մուհամմեդ Մուրսիի շտաբն ընտրություններից անմիջապես հետո ագրեսիվ քարոզարշավ սկսեց՝ իր թեկնածուին հայտարարելով ընտրված նախագահ: Իսլամիստներն ամեն օր ելույթ են ունենում «Եգիպտոսի ժողովրդի» անունից և պահանջում են Մուրսիին հանձնել իշխանությունը:
Իշխող զինված ուժերի գերագույն խորհուրդն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ` դատապարտելով Եգիպտոսի նախագահի ընտրությունների արդյունքների վաղաժամ հայտարարությունը:
Իսլամիստները չեն հավատում զինվորականության չեզոքությանը և արդեն հայտարարել են, որ Ահմեդ Շաֆիկին նախագահ հայտարարելու դեպքում զինված ուժերի գերագույն խորհուրդը ժողովրդի աչքերում իրեն վերջնականապես կվարկաբեկի:











































