Մաադի զինվորական հիվանդանոցի բժիշկները հետազոտել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա մոտ ուղեղի կաթվածի կամ գլխուղեղի զարկերակի տրոմբի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին հաղորդում է տեղի Al-Ahram թերթը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրները:
«Նրա վիճակը կայունացել է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր թերապիայի հիվանդասենյակ»,- ասել է աղբյուրը:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ, հաշվի առնելով նախկին նախագահի սրտի հետ ունեցած խնդիրները և տարիքը,՝ Մուբարաքը կարող է ուժեղ սթրեսի դեպքում կորցնել գիտակցությունը և շնչառական խնդիրներ ունենալ: «Նա պետք է զերծ մնա հուզմունքից և տհաճ ապրումներից»,- հայտնել է թերթի աղբյուրը:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք ԶԼՄ-ներում տեղկություն տարածվեց, որ ցմահ ազատազրկման դատապարտված Հոսնի Մուբարաքի վիճակը կայունացել է և նրան զինվորական հիվանդանոցից կտեղափոխեն բանտ: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց:










































