ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդում է, որ Պակիստանի իշխանությունները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ երկրում աշխատող ամերիկացի դիվանագետների համար։ Պետքարտուղարության զեկույցում ասվում է, որ պակիստանյան իշխանությունների միջամտությունները դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքներին իրենց գագաթնակետին են հասել 2011թ.-ի մայիսի սկզբին Պակիստանի տարածքում ամերիկյան զինվորականների կողմից Ուսամա բեն Լադենին ոչնչացնելուց հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, ամերիկա-պակիստանյան հարաբերությունների վատթարացմանը նպաստել է նաև ամերիկյան անօդաչու ինքնաթիռի կողմից պակիստանա-աֆղանական սահմանագծում պակիստանցի 24 զինվորականների սխալմամբ ռմբակոծումը։ Որպես դիվանագիտական աշխատանքի խոչընդոտներ նշվում են վիզաների տրամադրման ձգձգումը, շինարարական ծրագրերին արհեստականորեն խոչընդոտելը, ինչպես նաև դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների նկատմամբ հետախուզական գործողություններ իրականացնելը։








































