«Մասնավոր կազմակերպություններն իրավունք ունեն ցանկացած գովազդ տարածելու: Արտագաղթի դեմ պետք է պայքարել համապատասխան տնտեսական քաղաքականությամբ, այլ ոչ թե գովազդային գործակալություններով»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակութաբան Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին «Արմենթել» ընկերության ուղարկած լատինատառ հաղորդագրություններին:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը վարում է քարոզչական քաղաքականություն, ոչ թե որ հայաստանցիները գնան Ռուսաստան, այլ հատուկ տնտեսական քաղաքականության միջոցով ֆինանսավորում է արտագաղթը»,– նշեց նա։
Ըստ Ջալոյանի՝ Ռուսաստանի վարած այս քաղաքականությունը բավականին նոր է. «Հինգ տարի առաջ Ռուսաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Հյուսիսային Կովկասից հայերին դուրս վռնդեն: Բայց շուտով հասկացավ, որ կազակները չեն կարող հանդիսանալ իրադրությունը կայունացնող ուժը: Այդ իսկ պատճառով շատ արագ փոխեցին իրենց քաղաքականությունը: Այժմ վարում են այս քաղաքականությունը և աջակցում են հայերի ներգաղթին Ռուսաստան և Հյուսիսային Կովկաս»:
Մշակութաբանի կարծիքով՝ կեղծ բողքների փոխարեն հարկավոր է վերլուծել Ռուսաստանի քաղաքականությունը. «Ինչո՞ւ է այսօր Ռուսաստանը վարում նման քաղաքականություն: Հարկավոր է կառավարությունից պահանջել հստակ քաղաքականություն, այլ ոչ թե «Արմենթելից»: Այն պատկանում Ռուսաստանին, և նրանք վարում են իրենց քաղաքականությունը: Այն չէր կարող վարել այնպիսի քաղաքկանություն, որը կհակասեր Ռուսաստանի շահերին»:









































