Defence.az-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Ադրբեջանն Իսրայելից գնել է 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա: Ներկայումս հայտնի են տվյալ գործարքի մանրամասները:
Գնված սպառազինության թվում առկա են Gabriel-5 հականավային հրթիռներ: Խոսքը 552 կիլոգրամանոց հրթիռի մասին է, որի գործողության հեռահարությունը կազմում է 300 կիլոմետր: Ադրբեջանը դրանք գործածելու է Կասպից ծովի իր մասնաբաժինն իրանական ռազմանավերից պաշտպանելու համար, որոնք գնալով ավելի ու ավելի շատ են հայտնվում տվյալ շրջանում:
Բացի այդ, Ադրբեջանն Իսրայելից գնել է Heron TP և Searcher տիպերի հնգական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Heron TP ԱԹՍ-ը կշռում է 4,6 տոննա, այն ունակ է վեր բարձրանալ մինչև 14,000 մետր: Այս ԱԹՍ-ի օգտակար բեռնվածությունը կազմում է 1 տոննա՝ կրելով այնպիսի հաղորդող սարքեր, որոնք ունակ են անգամ այդ բարձրությունից մանրամասներ հաղորդել, թե ինչ կա գետնի վրա: Heron TP ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը կազմում է 36 ժամ, որով նա կարող է մրցակցել ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ի հետ:
Ինչ վերաբերում է Searche ԱԹՍ-ին, ապա այն կշռում է 2.5 տոննա և կարող է օդում գտնվել 20 ժամ: Այս ԱԹՍ-ի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 7500 մետր, իսկ հեռավորությունը՝ օպերատորից մինչև 300 կիլոմետր: ԱԹՍ-ի օգտակար բեռնվածությունը կազմում է 120 կիլոգրամ:
Հակաօդային պաշտպանության ոլորտում Ադրբեջանն Իսրայելից գնել է Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ նաև դրանց համար 75 հրթիռ: Barak հրթիռն արժե մոտ 1.6 միլիոն դոլար (յուրաքանչյուրը), այն կշռում է 98 կիլոգրամ, որից 21.8 կիլոգրամը կազմում է մարտագլխիկը: Այս հրթիռի գործունեության հեռահարությունը կազմում է 10 կիլոմետր: Հրթիռները տեղակայված են բեռնարկղերում՝ 8 շարքով (նվազագույն սպասարկում պահանջող) և արձակվում են ուղղահայաց դիրքով:
Ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) ապահովում է 360 աստիճանի ծածկույթ, իսկ հրթիռները կարող են 500 մետրից վայր գցել հարձակվող հականավային ու թևավոր հրթիռները: Barak յուրաքանչյուր համակարգը (հրթիռներով բեռնարկղ, ռադար, համակարգիչներ և սարքավորում) արժե մոտ 24 միլիոն դոլար: Հրթիռն արդյունավետ է գործում նաև ինքնաթիռների դեմ: Barak-ը կարող է տեղակայվել նավերի կամ բեռնատարների վրա:
Բացի այդ, գործարքի մի մասն է կազմում Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի գնումը, որին Իսրայելն օգտագործում է իր հակահրթիռային պաշտպանության համակարգում: Green Pine-ը կարող է մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել բալիստիկ հրթիռները, ինչպես նաև՝ մոտեցող ինքնաթիռները:














































