Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների շահերին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Ռուսաստանի ԱԳՆ-ը դրական է գնահատում փարիզյան հանդիպման (հունիսի 18) արդյունքները: Ռուսական կողմը քաղաքական երկխոսության շարունակման տեսանկյունից դրականորեն է գնահատում այդօրինակ հանդիպումները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ փարիզյան հանդիպումը պլանավորված էր նախապես: Արտգործնախարարները կարծիքներ փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, վերջին շրջանում շփման գծում գրանցված միջադեպերի, հումանիտար կապերի շարունակման շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են տարածաշրջան ժամանել հուլիսին:
Ինչ վերաբերում է Մեքսիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահների տարածած հայտարարությանը, ապա դա ի ցույց է դնում այն, որ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների շահերին»:











































