«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը (ամբողջական տեքստ):
Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն օրինական ու ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորման գլխավոր նախապայմանն է, որը սակայն չի ապահովվել արդեն 16 տարի ի վեր: Օրինական իշխանությունն է միայն, որ ի վիճակի է առաջնորդել ժողովրդին` կառուցելու ազատ, ուժեղ, ժողովրդավարական և սոցիալապես արդար պետություն, մրցակցային ու մրցունակ տնտեսություն, կանխելու արտագաղթը և անհրաժեշտ պայմաններ ապահովելու ներգաղթի համար, դիմագրավելու Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերները:
Իշխանությունների կողմից դեռ 2010 թ. կեսերին առանց ընդդիմության ներգրավման ձևավորված աշխատանքային խմբի մշակած` Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծը մենք գնահատում ենք ոչ թե գործող Ընտրական օրենսգրքի բարեփոխում, այլ հասարակության ու քաղաքական ուժերի կողմից էլ ավելի անվերահսկելի և դրանով իսկ ընտրակեղծիքների ու այլ ընտրախախտումների ավելի լայն հնարավորություններ բացող առաջարկ:
Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը ոչ թե գիտակցում է ազատ, օրինական ընտրությունների անցկացումը, իրապես ՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ արդյունքում իշխանության ձևավորումը, այլ ընդամենն իրականացնում է 2008 թվից ի վեր ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերում առկա պահանջների կատարման հերթական իմիտացիան:
«Ժառանգությունը» դեռ 2008 թ. հունիսի 23-ին, ապաև 2009 թ. հունիսի 24-ին արտահերթության կարգով ԱԺ օրակարգ էր մտցրել Ընտրական օրենսգրքում 55 փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որոնք, ցավոք, մերժվեցին ԱԺ իշխանական մեծամասնության կողմից: Այժմ մենք մշակել ենք Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծ, որում ներառվել են քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկները: Գտնում ենք, որ այս նախագիծը մեկնակետ է ընդդիմության համար ընտրական բարեփոխումների հարցում միասնաբար հանդես գալու և փորձելու հասնել Ընտրական օրենսգրքի իրական բարելավմանը, ընտրական գործընթացի հանդեպ քաղաքացիական հասարակության վերահսկողության և ժողովրդի վստահության ձևավորմանը:
Կոչ ենք անում բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կարևորում են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովող օրենսգրքի ընդունումը, ձեռնամուխ լինել այլընտրանքային միասնական նախագծի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված քննարկումներին (նախագծին կարելի է ծանոթանալ «Ժառանգություն» կուսակցության www.heritage.am վեբ-կայքից): «Ժառանգությունը» նախաձեռնում է խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ` այլընտրանքային միասնական նախագծի ձևավորման նպատակով, որոնց արդյունքներով կկազմակերպի Ընտրական օրենսգրքի ընդդիմության միասնական այլընտրանքային նախագծին նվիրված համաժողով:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն