Գերմանական GEMA ընկերությունը հրաժարվել է դատական հայց ներկայացնել ցանցահենների Anonymous խմբի դեմ, որի անդամները հունիսի 14-15-ը կոտրել են ընկերության կայքը: Դա արվել է ի պատասխան Anonymous-ի անդամների տներում կատարված ստուգումների։ Վերջիններս կապ են ունեցել 2011 թ. դեկտեմբերին կայքի վրա ցանցահենային հարձակման հետ:
Կազմակերպության տվյալներով` այս անգամ ցանցահենների ինքնությունը հաստատել շատ դժվար կլինի: Բացի այդ, նրանց հարձակումները լուրջ խախտումներ չեն առաջացրել կայքի աշխատանքներում: GEMA-ի ղեկավարությունը 2011 թ. դեկտեմբերի հարձակումների ժամանակ դիմել էր ոստիկանություն այն բանից հետո, երբ կայքն անհասանելի էր դարձել օգտատերերի համար: Այդ ժամանակ չարագործներին հաջողվել էր հայտնաբերել IP հասցեներով: Իրավապահ մարմիններն այդ գործի վերաբերյալ հետաքննություն են սկսել և հունիսի կեսերին ստուգումներ են անցկացրել 106 կասկածյալների տներում:
Ստուգումներից հետո համցանցում հայտնվել են Anonymous խմբի հայտարարությունները, որտեղ նրանք քննադատել են ոստիկանության գործողությունները և պնդել են իրենց իրավունքը GEMA-ի կայքը կոտրելու վերաբերյալ: Նրանք նաև հայտարարել են, որ շարունակելու են պայքարը տեղեկատվության ազատության համար:









































