Արևմտյան պետությունների քաղաքական գործիչների գլխավոր նպատակը Սիրիայում աշխարհիկ վարչակարգի տապալումն է: Այս մասին երեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Այժմ արևմտյան պետությունների և դրանց տարածաշրջանային հետևորդների նպատակն աշխարհիկ պետության տապալումն է Սիրիայում»,- ասել է նախագահի խորհրդականը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Արևմուտքը չի հասկանում, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Սիրիայի ներկայիս վարչակարգի տապալումը. «Նրանք չգիտեն, թե ով կփոխարինի ներկայիս վարչակարգին և ինչ հետևանքներ դա կունենա»։
Այս կապակցությամբ Շաաբանն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական և ռազմական մեծ ուժ ունեցող ԱՄՆ-ն այդքան էլ լավ չի հասկանում արաբական պետությունների քաղաքականությունը: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ «եվրոպացիները ղեկավարվում են ԱՄՆ-ի ցուցումով, փոխանակ բարդ հարցերի լուծումները գտնեն»:
Շաաբանը նաև հայտնել է, որ ՄԱԿ և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագիծը սիրիական կառավարության կողմից ընդունվել է Ռուսաստանի խորհրդով: Սակայն նախագիծը տապալվել է, քանի որ դրա իրականացումը կախված է եղել ոչ միայն Սիրիայի ղեկավարությունից, այլ և՛ կառավարությունից, և՛ ապստամբներից։










































