Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում բազմաթիվ հարցեր է ի հայտ բերել այսօր՝ վաղ առավոտյան, Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) իրականացրած խոշոր հարձակումը, որի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել է 16 թուրք զինծառայող:
Թուրքական ուժային կառույցները պնդում են, թե այդ հարձակումը 3-4 տարբեր տեղերից իրականացրել է PKK-ի 200-300 հոգանոց խումբը: Սակայն զարմանալի է, որ իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարքերը չեն կարողացել նկատել նրանց: Շատերը հարցնում են, թե այդ ինչպես եղավ, որ նախորդ տարեվերջին Heron-ները կարողացան նկատել 40 քրդերին, իսկ ներկայումս չկարողացան նկատել PKK-ի 300 հոգանոց խմբին:
Այս հարցն օրակարգ է մտցրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս բարձրացրել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նպատակահարմարության և այդ հարձակման հետ կապված՝ հետախուզական տվյալներ չստանալու հարցերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին ԱԹՍ-երից ստացված հետախուզական տվյալներում նշված էր, որ թուրք-իրաքյան սահմանին (Ուլուդերե) կենտրոնացել է PKK-ի 40 հոգանոց խումբը, ինչից հետո թուրքական ավիացիան հարվածել էր այդ խմբին: Սակայն հարձակումից հետո պարզվել էր, որ զոհված 34 անձինք խաղաղ քուրդ բնակիչներ էին, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրաքից ներկրում էին մազութ և ծխախոտ:









































