Բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, քան կաթոլիկները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ինչու են Հայաստանում օր օրի շատանում ինքնասպանության փորձի դեպքերը: Որոնք են հիմնական դրդապատճառները» թեմայի շուրջ:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ժառանգական հոգեկան խնդիրների նախադրյալ ունեցողների 20%-ն է գործում ինքնասպանություն, կաթոլիկների մոտ ինքնասպանությունը ավելի ցածր տոկոս է կազմում, քան բողոքականների մոտ, ինչպես Հունգարիայում, Էստոնիայում, Գերմանիայում։
Ըստ բանախոսի՝ ինքնասպանությունների ցուցանիշները բարձր են նաև այն երկրներում, որտեղ ինքնասպանությունը չի համարվում հանցագործություն՝ ինչպես Ճապոնիայում, որտեղ ամեն տարի տասնյակ հազար ճապոնացիներ ինքնասպան են լինում:
«Հայաստանյան որոշ տվյալներով` Հայաստանում հարյուր հազար բնակչից վեցը ինքնասպան է լինում։ Պատճառներն են՝ խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձեր, սեր, թշնամացած վերաբերմունք: Տնտեսական ճգնաժամերը ևս բերում են ինքնասպանությունների թվի աճի, ավելի բարենպաստ պայմաններում ապրողները ևս դիմում են ինքնասպանության: Այս պատճառով ինքնասպանությունները շատացել էին 19-րդ դարի վերջին:
Մենք իրավունք չունենք դատապարտելու այդ մարդկանց։ Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ կյանքը արժեք է, և այն պետք է ապրել։ Պետք է օգնություն խնդրողի առջև դուռ չփակել և օգնել. եթե դա մենք անենք, ապա ինչ-որ չափով խնդիրը կլուծվի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով. երբ մարդը ֆիլմում տեսնում է, որ իր նման մեկը ֆիլմում ինքնասպան է լինում, ինքն էլ է դիմում ինքնասպանության` դա համարելով օրինաչափ։ Ըստ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունների` Հայաստանն ինքնասպանության ցուցանիշով 86-րդ տեղում է։
Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մարդու ինքնապահպանման մեխանիզմները գալիս են կյանքի սկզբից, սակայն կյանքի ընթացքում նոր արժեքներ են ձևավորվում, և հաճախ մարդիկ հասնում են այն աստիճանի, որ դիմում են ինքնասպանության:
«Պետք է ունենան լուրջ հոգեբանական խնդիրներ նման քայլի դիմելու համար: Երևի թե թվի մեծացումը կապված է լայնորեն տարածված կրոնական սեկտաների, երիտասարդական խմբերի գործունեության հետ, ինչպիսիք են էմոները և այլն, որտեղ առկա է սուիսիդալ գաղափարախոսություն»,- նկատեց Միհրդատ Մադաթյանը:








































