Ամերիկյան Հյուսթոն քաղաքի թանգարանի աշխատակիցներին հաջողվել է փրկել իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի 1929թ. նկարած «Կինը կարմիր բազկաթոռի մեջ» (Woman in a Red Armchair) կտավն այն բանից հետո, երբ ինչ-որ մի բարբարոս փչացրել էր այն` դրա վրա նկարելով ցուլ սպանող մատադորի: Այս մասին այսօր հայտնում է Houston Chronicle-ը:
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Menil Collection թանգարանում, որտեղ նկարը ցուցադրվել է դրա բացումից ի վեր՝ 1987թ.: դեպքից անմիջապես հետո կտավը բերվել է ռեստավրացիայի բաժին, որտեղ մասնագետներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել նկարի հետքերը:
Վանդալիզմի ակտը ֆիքսել են տեսախցիկներն ու թանգարանի աշխատակիցները, որոնք կատարվածը նկարահանել են սմարթֆոնով:
Ինչպես Channel 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ականատեսներից մեկը, երիտասարդ մարդն իրեն անվանել է «մեքսիկական ծագմամբ խոստումնալից նկարիչ» ու այդ կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել հայտնի իսպանացուն:
Հիմա Հյուսթոնի ոստիկանությունը որոնում է «նկարչին», որին սպառնում է մեղադրանք քրեական հանցանք գործելու մեջ:










































