Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը վերստին դիտարկելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության հաստատման հարցը: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքում:
Սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ անցկացվելիք նիստում քննարկվելու է տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի պաշտոնում 12 թեկնածությունների հարցը: Ակնկալվում է նաև, որ տեղի է ունենալու քվեարկություն՝ տվյալ թեկնածությունների շուրջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը դիտարկել է նաև հունիսի 13-ին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլի վերջին: 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան, իսկ 2009 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ:








































