«Նախարար չվերանշանակվելը տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար մանուկ Վարդանյանն այնքան էլ ծանր չի տարել և հիմա հանգստանում է: Ավելին՝ այն պահին, երբ զանգահարեցինք, նա հեռուստացույց էր դիտում եւ մեզ հայտնեց, որ առաջիկա անելիքների մասին դեռ չի մտածել»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Մտածելու համար դեռ բավականին ժամանակ կա: Հետագայում կտեսնենք, թե ինչով կզբաղվեմ, հիմա շուտ է պատասխան տալ»,- հայտնել է նախկին ՕԵԿ-ական նախկին նախարարը: Հարցին, թե ՕԵԿ-ին անդամակցելու մասին որոշո՞ւմ էլ դեռ չի կայացրել, Վարդանյանը պատասխանել է. «Չկա, կարծում եմ՝ չի էլ լինի»:
Թե ինչու կրկին ՕԵԿ-ական դառնալու ցանկություն չունի, Վարդանյանը չի պատասխանել և նշել է. «Նախ չգիտեմ, թե նոր անդամագրման կարգն ինչպիսին է, հետո էլ՝ հարցեր կան»:
Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին նախկին նախարարը լավ կադր և փորձված անձնավորություն է համարում և կարծում է, որ լավ նախարար կլինի»,- հավելում է թերթը:











































