Եգիպտոսում անցած նախագահական ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայները հավաքած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության թեկնածու Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ պատրաստվում է երդմնակալության արարողությունը կազմակերպել «Թահրիր» հրապարակում։ Այս մասին հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները՝ հղում կատարելով «Ազատություն և արդարություն» կուսակցությանը, որը համարվում է իսլամիստների քաղաքական մարմինը։
«Մուհամեդ Մուրսին պատրաստվում է երդվել եգիպտական ժողովրդի առաջ «Թահրիր» հրապարակում` որպես խորհրդանշական ճանաչում այն փաստի, որ ժողովրդի օրենքը միշտ վեր է բոլոր տեսակի իշխանություններից, և միայն ժողովուրդն է այդ իշխանությունը»,- ասվում է այդ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-17-ին անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախնական տեղեկություններով՝ Մուրսին հավաքել է ընտրողների ձայների 52 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից Ահմեդ Շաֆիկը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։











































