Փետրվարի 7-ին Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպան Ռոուանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Կողմերը կարևորեցին երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:
Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիներին: