Լոնգ Բիչ կալիֆոռնիական քաղաքում ամերիկյան լեգենդար Queen Maryնավում բացվել է «Դիանա. արքայադստեր ժառանգությունը» մեծ ցուցահանդեսը: Ցուցադրությունում գլխավոր տեղում են հանգուցյալ արքայադուստր Դիանայի երեկոյան տուալետները, որոնցում նա փայլել է փակ միջոցառումների ժամանակ: Ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 2 հազար ցուցանմուշ, որոնց թվում են լուսանկարներ, դիզայներական էսքիզներ և զարդեր։ Այս մասին գրում է Itar-Tass-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչները հանրությանը ներկայացրել են Դիանայի երեկոյան հագուստները, որոնցից մի քանիսն առաջին անգամ էին ցուցադրվում: Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն դիզայներներ Մյուրեի Էրբեյդի, Քեթրին Ուոլքերի և Ժակ Ազագուրի աշխատանքները, որոնք պատրաստել են եզակի հագուստներ, զարդեր, աքսեսուարներ:
Մի շարք հագուստներ, որոնք կարվել են մոտ 20 տարի առաջ, ներկայիս նորաձևության սիրահարների մոտ հիացմունք են առաջացնում: Ցուցադրվում են նաև հագուստի էսքիզներ, գրառումներ, գրքեր և լուսանկարներ: Ցուցահանդեսը կգործի ողջ տարվա ընթացքում: Տոմսերի վաճառքից գոյացած գումարի մի մասը կփոխանցվի բարեգործական նպատակների համար:








































