«Կինոաշխարհի լեգենդար զույգ Ռոբերտո Ռոսելինիի և Ինգրիդ Բերգմանի աղջիկը` նախկին մոդել և դերասանուհի Իզաբելլան, նշել է իր 60-ամյակը»,– գրում է Itar-Tass-ը:
Իզաբելլա Ռոսելինին, ով 19 տարեկանում սկսել էր լրագրող աշխատել Նյու Յորքում, խաղացել է ավելի քան չորս տասնյակ ֆիլմում` չնայած որ կինոյում նա իր կարիերան բավական ուշ է սկսել: Հայտնվելով մոդելային բիզնեսի մեջ՝ մոր գեղեցկությունը ժառանգած Իզաբելլան եղել է առաջատար կոսմետիկ ապրանքանիշերի «դեմքը», նրա լուսանկարները զարդարել են հայտնի ամսագրերի շապիկները:
Մի քանի ոչ այնքան փայլուն դերերից և իտալական ծագմամբ հայտնի ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ կարճատև ամուսնությունից հետո նրան իրական հաջողություն բերեց ռեժիսոր Դևիդ Լինչի «Blue Velvet» (1986 թվական) ֆիլմը, որտեղ նա խաղացել է գիշերային ակումբի երգչուհու դերը: Ապա 1990 թվականին Նիքոլաս Քեյջի հետ նկարահանվել է Լինչի «Wild At Heart» ֆիլմում:
Այդ նկարահանումներից հետո, սակայն, Իզաբելլան և Լինչը բաժանվեցին: Լինչին մոռանալ օգնեց Գերի Օլդմենը: Սակայն հարսանիք այդպես էլ տեղի չունեցավ: Իզաբելլայի դստեր` Էլեկտրայի հայրը գերմանացի մոդել էր, սակայն այդ կապը ևս երկար չտևեց: Իր երկրորդ երեխային Իզաբելլան որդեգրել է:
Իզաբելլան շատ է զբաղվում հասարակական գործունեությամբ, միաժամանակ շարունակում է նկարահանվել ֆիլմերում:
Իզաբելլան լեգենդար զույգի երեք երեխաներից մեկն է: Նրա հայրը` Ռոբերտո Ռոսելինին իտալական կինոյում նեոռեալիզմի հիմնադիրներից մեկն է, իսկ մայրը շվեդ դերասանուհի Ինգրիդ Բերգմանն է:










































