Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադտկեն՝ Միացալ Նահանգներ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն և Ժակ Ֆորը՝ Ֆրանսիա) համատեղ հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Համանախագահները նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև հումանիտար շփումների զարգացման, պատմամշակութային արժեքների պահպանության ու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ հետագա աշխատանքները:
Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել առճակատման գծերում վերջին միջադեպերի կապակցությամբ և ընդգծել 1994թ. զինադադարի համաձայնության հարգման անհրաժեշտությունը:
Արտաքին գործերի նախարարներն իրենց վճռականությունն են հայտնել շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ և իրենց պատրաստակամությունը՝ ձեռնարկելու վստահության ամրապնդման միջոցներ, ինչը կարող է բարելավել մթնոլորտը բանակցությունների ընթացքի համար:
Հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան:









































