Տոնավաճառների` Թուրքիայից ու Չինաստանից ապրանքներ ներմուծող աշխատակիցները շարունակում են ցույցերը Երևանի քաղաքապետարանի մոտ:
Այսօր նրանք գնացել էին քաղաքապետարան հանձնելու իրենց նամակը, սակայն այս անգամ ոստիկանները նրանց թույլ չտվեցին անգամ անցնել փողոցն ու մոտենալ քաղաքապետարանի շենքին: Ոստիկանները նույնիսկ բռնեցին ցուցարարներից մի քանի երիտասարդների, սակայն շուտ բաց թողեցին` տեսնելով իրենց նկարահանող օպերատորներին:
Ցուցարարներին աջակցելու նպատակով քաղաքապետարան էր եկել նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա միջնորդությամբ նամակը հանձնեցին քաղաքապետարան, սակայն այստեղ հրաժարվեցին պատասխան տալ: Փոստանջյանը ցուցարարներին խորհուրդ տվեց ԱԺ-ում հարց ու պատասխանի օրը` ժամը 3-ին, գնալ ԱԺ ու պատասխան պահանջել: Նույն խորհուրդը տվեց նաև քաղաքապետարան եկած մյուս պատգամավորը` Վարդան Խաչատրյանը:
Իրենց բավարարող պատասխան չստանալու դեպքում տոնավաճառների աշխատակիցները իրենց առևտուրը կծավալեն քաղաքապետարանի կամ ԱԺ շենքի մոտ: