«Կաշխատեմ շարունակել այն ծրագրերը, որոնք նախորդ նախարարը սկսել էր, և, իհարկե, կլինեն նոր ծրագրեր: Բայց բոլոր ծրագրերը մի թիրախ են ունենալու` մեր բնակչության առողջության պահպանումը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցւմ հայտարարեց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:
Նա վստահեցրեց, որ կադրային ջարդ չի լինելու՝ նշելով, որ աշխատակազմին էլ հայտնել է, որ տրամադրված է բոլորի հետ աշխատելու:
Ըստ նախարարի` առաջնահերթ խնդիրները բազմաթիվ են` սկսած առողջության առաջնային պահպանման խնդիրներից, մինչև որակյալ մասնագիտական օգնություն:
«Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ մեր ազգաբնակչությունը չվախենա իր հարազատի հիվանդության պայմաններում, վստահ լինի, որ անկախ ամեն ինչից՝ իրեն կցուցաբերվի առաջին ու անհրաժեշտ օգնություն: Իմ բոլոր աշխատանքները ուղղված կլինեն դրան: Ես պետք է այնպես անեմ, որ յուրաքանչյուր մարդ ունենա որակյալ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն, և որ այն լինի մատչելի»:
Դ. Դումանյանը պարզաբանեց, որ խոսքը գների իջեցման մասին չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ վճարման խնդիրներով ինքը չի զբաղվելու` դրա մի մասը պետությունն է վճարելու, մյուս մասը` ապահովագրական ընկերությունները:
Ըստ նախարարի` առաջիկա տարիների ընթացքում հասնելու են պարտադիր ապահովագրությանը, մինչ այդ զարգացնելու են կամավոր բժշկական ապահովագրությունը, որն արդեն սկսել է աշխատել:








































