Թուրքմենստանի պատվիրակությունը, նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի գլխավորությամբ, կմասնակցի կլիմայի փոփոխության հարցերով «Ռիո+20» գագաթնաժողովին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքմենստանի կառավարությանը:
«Այդ ֆորումում միջազգային հանրությանը կներկայացվեն մեր երկրի մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք կապված են մարդկության առջև կանգնած համաշխարհային բնապահպանական խնդիրների հետ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Թուրքմենստանն առաջ է քաշում Աշգաբադում ՄԱԿ-ի միջտարածքային կենտրոն բացելու հարցը, որը կլուծի կլիմայի փոփոխության հետ կապված մի շարք խնդիրներ: Թուրքմենստանը պատրաստակամություն է հայտնել դրա աշխատանքների համար տրամադրել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Բացի այդ, խոսք կգնա Կասպիական բնապահպանական ֆորում կազմակերպելու մասին՝ որպես մշտական գորոծող հարթակ Կասպից ծովի ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի ուսումնասիրման և համապատասխան առաջարկներ և խորհուրդներ ներկայացնելու համար:









































