Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Վարչապետի ներկայացմամբ՝ Սերժ Սարգսյանը ստորագրել է կառավարության ձևավորման համար անհրաժեշտ բոլոր հրամանագրերը:
«ՀՀ կառավարությունը ձևավորված է: Կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, որոնք ունեն բավարար կառավարչական և կազմակերպչական աշխատանքի հմտություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը` շնորհավորելով կառավարության անդամ դառնալու կապակցությամբ:
Ձևավորումից հետո կառավարությունը Ազգային ժողովի հավանությանը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ անելու են՝ արդարացնելու համար իշխանության և ՀՀԿ վստահությունը: Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ազգային անվտանգության, ՀՀ նախագահի, ՀՀԿ և ՕԵԿ հիմնական դրույթները, նաև մյուս ուժերի համադրելի գաղափարները:
Տ. Սարգսյանի խոսքով՝ բարդ ժամանակաշրջան էր, կարողացել են էապես մեղմել անհանդուրժողական մթնոլորտը, զերծ մնալ հարևանությամբ ընթացող պատերազմական գործողութուններից, մեղմել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, բարձրացնել սոցիալական նպաստները, աշխատավարձերը և կենսաթոշակները, սկսել ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Տ. Սարգսյանը նշեց, որ կառավարության խնդիրն է՝ բարեփոխումների առաջին արդյունքները ձևափոխել կայուն գործընթացների և դարձնել շոշափելի յուրաքանչյուրի համար, զարգացնել մարդկային կապիտալը, ինստիտուցիոնալ կարողությունները: Կառավարությունը, ըստ վարչապետի, նպատակադրում է տնտեսության տարեկան 5-7% աճ, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպերի ապահովում, աշխատավարձի կրկնապատկում, ծնելիության գործակցի աճ՝ մինչև 1.8, նախադպրոցական կրթության ապահովում քաղաքացիների առնվազն 90%-ի համար, կենսաթոշակի աճ, աղքատության կրճատում 8-10%-ով:
Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին կոչ արեց պատրաստվել բարդ աշխատանքի, կանգնել գյուղացու կողքին, օժանդակել գյուղացուն ստացված բերքը պահելու և իրացնելու գործում: Նա շեշտեց, որ 2013-ի համար 7% տնտեսական աճ պետք է ապահովել, թիրախ վերցնել աղքատության կրճատումը և իսպառ վերացումը. «Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման ցուցիչը»:
Ս. Սարգսյանը հայտնեց, որ նախագահական ընտրություններից հետո կրկին կառավարության ձևավորման խնդիր է դրվելու: Այդ ժամանակ վիճակագրական ծառայությունը կամփոփի արվածը, և կգնահատեն արված աշխատանքները:
Կառավարության անդամները կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:










































