Եգիպտոսի զինվորական բարձրագույն խորհուրդը հաստատել է ժամանակավոր սահմանադրությունում կատարած փոփոխությունների փաթեթը, որի համաձայն` զինվորականները ստանձնում են օրենսդիր մարմնի պարտականությունները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, զինվորականներն այսուհետ վերահսկելու են նաև երկրի բյուջեի կատարումը։ Այս իրավասությունները կմնան զինվորականների մենաշնորհն այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունվել երկրի նոր սահմանադրությունը, որով էլ կանցկացվեն խորհրդարանական նոր ընտրությունները։ Այդուհանդերձ, զինվորականները պարտավորվել են նոր սահմանադրությունն ընդունել 3 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ զինվորականները որոշում են կայացրել ցրելու խորհրդարանը, քանի որ նրա 30 տոկոսն անօրինական էր ընտրվել։





































