Ռուսաստանի կողմից նախաձեռնված՝ Սիրիայի հարցով համաժողովը հնարավոր է, որ տեղի ունենա Մոսկվայում կամ Ժնևում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Այժմ երկու տարբերակ է քննարկվում` Մոսկվա կամ Ժնև»,- պատասխանել է Ուշակովը լրագրողների այն հարցին, թե որտե՞ղ տեղի կունենա համաժողովը։
Լրագրողների խնդրանքով՝ մեկնաբանելով Իրանին համաժողովում չտեսնելու Վաշինգտոնի ցանկությունը, Ուշակովն ասել է. «Ես կարծում եմ, որ դա դեռ կքննարկվի, այդ թվում նաև բոլոր այն հարցերը, որոնք կապված են Անանի առաքելության առջև դրված խնդիրների իրականացման հետ»:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան այդ հանդիպմանն Իրանի մասնակցությունն անհրաժեշտ է համարում:
«Կարծում եմ, քանի որ Իրանը տարածաշրջանային կարևոր խաղացող է, ապա, բնականաբար, այդ երկրի մասնակցությունը ցանկալի է: Մենք կողմ ենք դրան»,- ասել է Ուշակովը:







































