Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում բացվել է «Առևտրի ու ներդրումների կամուրջ» խորագրով թուրք-վրացական գործարար ֆորումը: Այն անցկացվում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության հովանու ներքո:
Ֆորումին մասնակցում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչներ: Խոսքը գյուղատնտեսության, սննդի ու վերամշակման արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների, տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտների մասին է:
Ֆորումը բացել է Վրաստանի ֆինանսների նախարար Դմիտրի Գվինդաձեն՝ պատմելով երկրի բիզնես կլիմայի մասին: Նա հավելել է, որ Վրաստանը սեփական բիզնեսի բաց լինելու տեսանկյունից համարվում է համաշխարհային առաջատարներից մեկը, երկրում գործնականում գոյություն չունի կոռուպցիա, կայուն է բանկային ոլորտը, զարգանում են ենթակառույցները, և գործարարները կարող են առանց կաշառք տալու երկրում ծավալել իրենց գործունեությունը:










































