Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2013 թ. ամռանը Թբիլիսյան ծովում գործելու է զվարճությունների շատ մեծ կենտրոն, որը համապատասխանելու է միջազգային չափորոշիչներին: Հազարավոր մարդիկ կարող են ամեն օր իրենց ազատ ժամանակն անցկացնել այս հարմարավետ միջավայրում:
Նախագծի իրագործման համար շինարարական աշխատանքներում ներգրավվելու են մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ: Աշխատատեղեր կստեղծվեն նաև կենտրոնի տարածքում ընկած առևտրային օբյեկտներում: Նախագծի շրջանակներում վաճառվել է Թբիլիսյան ծովի մերձակայքում ընկած 91,173 քմ տարածքը: «Ջինո պարկ» ընկերությունը նախագծում ներդնելու է 20 միլիոն եվրո: Նախագծի իրագործումից հետո Թբիլիսյան ծովը դեպի իրեն կձգի ավելի շատ հանգստացողների:
Զվարճությունների կենտրոնը կառուցվելու է մինչև 2013 թ. հուլիսի 1-ը: Կենտրոնն ունենալու է ակվապարկ (ամառային ու ձմեռային արեալներով)՝ ներքին ու արտաքին ջրուղիներով, երեխաների ու տարեցների համար նախատեսված լողավազանով, հանգստացնող ջրվեժով ու ալիքավոր լողավազանով, օլիմպիական չափորոշիչներին համապատասխանող լողավազանով, երեխաների ջրային պարկով, վոլեյբոլի ու մինի ֆուտբոլի համար նախատեսված ավազե հարթակով, արագ սննդի կետերով, SPA կենտրոնով, հռոմեական ու ֆիննական սաունաներով, ջակուզիներով, ամառային հարմարավետ լողափերով:
Կենտրոնն ապահովված է լինելու ներքին հեռուստախցիկներով ու պահպանման համակարգերով, անհատական սեյֆերով և այլ ժամանակակից տեխնոլոգիաներով: Մեկ տարվա ընթացքում կենտրոնը կսպասարկի 800000 մարդու: Կենտրոնի անձնակազմը նախապատրաստություն է անցնելու եվրոպական ակվապարկերում:
Հիշեցնենք, որ Թբիլիսյան ծովը 1952 թ. արհեստական ճանապարհով ստեղծված լիճ է. երկարությունը կազմում է 9 կմ, լայնությունը՝ 3 կմ, միջին խորությունը 26,6 մ է, առավելագույն խորությունը՝ 45 մ:








































