«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ուրբաթ առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Շուրջ մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` «Սիվիլիթաս»-ի տնօրենն ասել է, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ արված ձևակերպումները խոսում են այն մասին, որ ինքը ոչ թե վկա է, այլ` կասկածյալ: Ըստ Սալբի Ղազարյանի փաստաբան Արթուր Գրիգորյանի, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` եթե անձը գտնվում է փաստացի կասկածյալի կարգավիճակում, ապա նա կարող է օգտվել լռություն պահպանելու իր իրավունքից և ցուցմունք չտալ, ինչը և տեղի է ունեցել:
«Ընդհանրապես հրաժարվեցինք, ասացինք` ցուցմունք չեն տալու, որովհետև այդ հայտարարությունը ասում է, որ մենք խախտումներ կատարել ենք, չի ասում` թերևս, ասում է` կատարել ենք, իսկ եթե կատարել ենք, ուրեմն` կասկածյալ ենք, վկա չենք», – ընդգծել է Սալբի Ղազարյանը:
Հինգշաբթի օրը Սալբի Ղազարյանը «Սիվիլիթաս»-ի հետ կապված այս քրեական գործի մանրամասները ներկայացրել է Եվրամիության երկրների, նաև` Միացյալ Նահանգների դեսպաններին: Ղազարյանը հույս ունի, որ այդ հանդիպումը իր ազդեցություն կունենա գործի վրա:
«Ես շատ շնորհակալ էի, որ դեսպանները եկել էին` բազմազբաղ մարդիկ էին, եկան, շատ հետաքրքրությամբ լսեցին և ասացին, որ ուշիուշով հետևելու են և ինչ որ կարող են` կանեն», – նշել է «Սիվիլիթաս»-ի տնօրենը` շարունակելով. – «Բոլորս պետք է հասկանանք` մեր իշխանությունները, մեր դատական համակարգը, որ այսպիսի մոտեցում` այսպիսի անկապ հարցի, ոչ մի պատիվ չի բերի ոչ միայն պետությանը, այլ նաև մեր դատական համակարգին: Մեր նման թափանցիկ կազմակերպություն չի եղել, «Սիվիլիթաս»-ը խախտումներ չի գործել, եթե հարց կար` հարցի պատասխանը ստանալու տարբեր ձևեր կային, քրեական գործը այդ ձևը չէ»:
Ե՛վ Ղազարյանը, ե՛ւ «Սիվիլիթաս»-ի հիմնադիր, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում են, որ այս գործի ետևում հստակ պատվեր կա։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞վ է պատվեր տվողը, «Սիվիլիթաս»-ի տնօրենը արձագանքել է. – «Չգիտեմ` ով է պատվեր տվողը։ Մենք «Սիվիլիթաս»-ում անում ենք գործունեություն, որը մի քիչ ոչ տրադիցիոն և անկառավարելի է: Ես չեմ զարմանա, եթե դա որոշ մարդկանց դուրը չգա : Եթե սա ձև է մեզ մեր գործից շեղելու` դա չի հաջողվելու»:
«Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետև սա արդեն աբսուրդ է, անհեթեթ է, անտրամաբանական է և որևէ մեկին պատիվ չի բերում», – ասել է Սալբի Ղազարյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ հայտարարությամբ հանդես գա ամերիկացի մեծահարուստ և բարերար Ջոն Հանթսմանը, ում տրամադրած գումարների մասին է խոսքը քրեական գործում, «Սիվիլիթաս»-ի տնօրենը հայտարարել է. – «Ես վստահ եմ` այդ կարելիությունը կա: Ես սրտանց հույսով եմ, որ այդ օրը չի գա` ոչ որովհետև պարոն Հանթսմանը չի ուզենա, կամ սխալ բան պետք է ասի, բայց դա կնշանակի, որ մենք մեր բոլոր դոնորներին հիմնովին ասում ենք, որ «ժողովուրդ, դուք այսօր մեզ փող եք տալիս, մենք շնորհակալ ենք, բայց 10 տարի, 20 տարի հետո մենք կարող ենք դառնալ և ասել` գիտեք, մենք հիմա ձեզ ենք կասկածում ապօրինի գործունեության համար»: Եթե մենք ուզում ենք այսպիսի մարդուն այսպիսի մեսիջ տալ` ես այլևս չգիտեմ ինչ ասել»:











































