Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մեքսիկացի Կառլոս Սլիմը գնել է արգենտինական YPF նավթագազային ընկերության 8,4%-ը, որը վերջերս ազգայնացվել էր երկրի նախագահ Ֆերնանդես դե Կրիշների որոշմամբ: Այս մասին հաղորդում է արգենտինական Bolsamania պորտալը՝ վկայակոչելով Արգենտինայի կառավարությանը:
Մայիսի սկզբին ուժի մեջ մտավ իսպանական Repsol ընկերությանը պատկանող YPF-ի բաժնետոմսերի 51%-ի և նրա դուստր ընկերության՝ YPF Gas S.A-ի ազգայնացման որոշումը:
Այժմ Սլիմը YPF-ում վերահսկում է D կարգի 32.9 մլն բաժնետոմս: Մեքսիկացի միլիոնատիրոջ կողմից ընկերության ակցիաները գնելու մասին տեղեկությունից հետո դրանց արժեքը Նյու Յորքի ֆոնդային բորսաներում բարձրացել է մոտ 10%-ով:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Սլիմի կարողությունն այժմ տատանվում է 70 մլրդ դոլարի սահմաններում: Նրա բիզնեսը կապված է Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի հեռուստահաղորդակցման շուկայի հետ:











































