Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով առաջացած ծանրությունը հիմնականում ընկած է ԵՄ անդամ երկրների բնակչության ուսերին: Այս մասին Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) կոնֆերանսից հետո հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին:
Նրա խոսքով՝ Իրանը OPEC-ում երկրորդ խոշոր նավթ արդյունահանող երկիրն է և մինչև պատժամիջոցների սահմանումը բազմիցս նախազգուշացրել է, որ ԵՄ սահմանած այդ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան առաջին հերթին Եվրոպայի քաղաքացիների տնտեսական վիճակի վրա:
Ղասեմին հավելել է, որ համաշխարհային շուկայում իրանական նավթի բացակայությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն այն երկրների տնտեսությունների վրա, որոնք աջակցում են Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, այլև վնաս կպատճառի ողջ համաշխարհային տնտեսությանը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է դրել այս տարվա հունվարի 23-ին, որն ամբողջությամբ գործելու է հուլիսի 1-ից: Ի դեպ, Սաուդյան Արաբիան ու նրա գործընկերները պատրաստակամություն են հայտնել ավելացնելու նավթի արդյունահանումն ու արտահանումը՝ համաշխարհային շուկայում գոյացած իրանական նավթի դեֆիցիտը լրացնելու համար: