Որևէ հակասություն չկա նրանում, որ ՆԱՏՕ-ն, լինելով ռազմական կառույց, Վրաստանի անդամությունը պայմանավորում է ժողովրդավար ընտրություններ անցկացնելու հանգամանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ ռազմական կառույց լինելուց բացի, ՆԱՏՕ-ն նաև ռազմաքաղաքական կառույց է:
«ՆԱՏՕ-ն, ինչպես ԵՄ-ն, ունի սկզբունքներ: Այն ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական միավոր է, և իրեն անդամակցել ցանկացող երկրների ժողովրդավարության հետ կապված խնդիրներ է առաջադրում: 2005-ին, երբ Հայաստանն այդ կառույցի հետ, այսպես կոչված, «էքշըն-պլան» ստորագրեց, դրանում ներառված էին նաև քաղաքական և ժողովրդավարության պահանջներ»,- հիշեցրեց Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Վրաստան այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթյուրայը հայտարարել է. «Պատրաստ է արդյոք Վրաստանն անդամակցել ՆԱՏՕ-ին, թե` ոչ, պարզ կդառնա առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո»:






































