Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթը ավարտեց իր հաղթական շքերթը: Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել մրցույթի հանդիսավոր փակման արարողությունը, մրցանակների հանձնումը և Գալա համերգը: Միջոցառումը նշանավորվել է բազմաթիվ անակնկալներով, հրաշալի ստեղծագործությունների կատարմամբ և, իհարկե, տոնական տրամադրությամբ: Բացի նախապես սահմանված մրցանակներից, մասնակիցներին մատուցվել է անսպասելի նվեր` հատուկ մրցանակների տեսքով`
1.Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր սահմանել Արամ Խաչատրյանի «Երգ պոեմ»-ի լավագույն կատարման համար, որը շնորհվել է Անժելա Հովհաննիսյանին Հայաստանից:
2.Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր սահմանել Արամ Խաչատրյանի «Պար»-ի լավագույն կատարման համար, որը շնորհվեց Անի Կարապետյանին:
3.Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրին սահմանել էր հատուկ մրցանակ Բաբաջանյանի ջութակի սոնատի լավագույն կատարման համար, որը շնորհվել է Հրայր Կարապետյանին Հայաստանից:
4.Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրին սահմանել էր հատուկ մրցանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
5.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «Լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգի համար շնորհել է դիպլոմներ Կարմեն Հովհաննիսյանին Հայաստանից, Մարչին Սիկորսկիին Լեհաստանից և Ալլա Կոլեսնիկովային Ռուսաստանից:
6.Արամ Խաչատրյան հիմնադրամը սահմանել էր հատուկ մրցանակ լավագույն վիրտուոզ կատարման համար, որը շնորհվեց Պաբլո Մարտին Ասեվեդոյին Իսպանիայից:
7.Զալցբուրգի Մոցարտեում համալսարանը սահմանել էր հատուկ մրցանակ Մոցարտի ջութակի կոնցերտի լավագույն կատարման համար, որը շնորհվեց Լուսինե Հարությունյանին Հայաստանից:
8.Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրին շնորհել է դիպլոմ մրցույթի ամենաերիտասարդ մասնակից` Հերոնխիա Հանին Չինաստանից:
Երեկոն իր գագաթնակետին է հասել, երբ սկսեցին բարձրաձայնել հաղթողների անունները: Այսպիսով, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի 3-րդ մրցանակը հանձնվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նակամուրա Դայչիին, առաջին մրցանակը կիսեցին Միլյուկով Պավելը Ռուսաստանից և Թանաբե Այակոն Ճապոնիայից, իսկ երկրորդ մրցանակակիր այս տարի չառանձնացվեց: Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին որոշում կայացրեց հանձնել Գրան-պրի և երջանիկ մրցանակակիրը դարձավ Ֆյոդոր Ռուդինը (Ֆրանսիա/Ռուսաստան), որին հանձնվեց նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը:
Գալա համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից Էգինայի վարիացիան և Խրախճանքը, ինչպես նաև Լեզգինկան «Գայանե» բալետից: Ծրագիրը ավարտվել է Արամ Խաչատրյանի ջութակի Կոնցերտի կատարումով` նորաթուխ 1-ին մրցանակի դափնեկիր Ֆյոդոր Ռուդինի մասնակցությամբ:









































