Երեկ երեկոյան՝ 22.30-ի սահմաններում, լուրեր տարածվեցին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Խոսակցությունների համաձայն` «Փակ շուկայի» հարակից շենքերի բնակիչներն են անհանգստացած ահազանգել տեղի ունեցածի մասին:
Այսօր «Առաջին լրատվական»-ը եղել է «Փակ շուկայի» տարածքում և ոչ մի փոփոխություն չի նկատել: «Փակ շուկայում» շարունակվում են հողային աշխատանքները։ Որոշ բնակիչների խոսքերով՝ պայթյունը լսելի է եղել ավտոլվացման կայանից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ճարտարապետների միության նախագահ, «Փակ շուկայում» ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով մշակույթի նախարարության և քաղաքապետարանի միջև ձևավորված հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ առավոտյան լրատվամիջոցներից է տեղեկացել «Փակ շուկայում» պայթյունի մասին: Նա հստակեցրեց, որ այդ տարածքում հողն այնքան փափուկ է, որ պայթեցումն անհնար է:
«Պետք է գնամ, տեղում նայեմ, որ ասեմ: Դեռ հստակ տեղեկություն չունեմ, թե չէ ինձ անձամբ տեղեկություն չի հասել:
Դրանք միայն լուրեր են, ես ուղարկել եմ, որպեսզի տեսնեմ՝ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Կունենամ լուրերը՝ ըստ դրա կվարվենք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Հարցին, թե նման լուրերի դեպքում ստեղծված հանձնաժողովն ինչո՞ւ չի արձագանքում և պարզում` ի՞նչ է տեղի ունեցել, պատասխանեց, որ հանձնաժողովն այլևս չի հավաքվում: «Մենք արդեն ասել ենք այն, ինչ պետք է ասվեր, և այլևս նրանց հետ անընդհատ չենք աշխատելու»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը «Թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ին ժամանակ էր տրամադրել մշակույթի նախարարություն շինարարության էսքիզային նախագիծ ներկայացնելու համար, և հանձնաժողովի մի շարք ներկայացուցիչներ վստահեցրել էին, որ «Փակ շուկայի» արտաքին տեսքը մնալու է անփոփոխ, այն միայն վերականգնվելու է:









































