ՀՀ կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին:
Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առևտրային նիշը: Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»: Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքևում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Վերևի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2012»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերև «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 – 1990»:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:











































