Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մոլդովային տուգանել է այն բանի համար, որ 2005 թվականին երկրի մայրաքաղաքում արգելվել է գեյ շքերթը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда в Молдове» պարբերականը:
Շքերթը ծրագրել էր անցկացնել սեռական փոքրամասնությունների շահերը ներկայացնող Gender Doc-M կազմակերպությունը, որը միջոցառման միջոցով ցանկանում էր կոչ անել խորհրդարանին ընդունել սեռական փոքրամասնությունների դեմ խտրականությունն արգելող օրենք:
Քիշնևի իշխանությունները թույլ չեն տվել, որ միջոցառումն անցկացվի: Gender Doc-M կազմակերպությունը դիմել է տեղի դատարան: Գործը քննվել է մի քանի ատյաններում: Արդյունքում՝ Գերագույն դատարանը վճիռը կայացրել է հօգուտ իշխանությունների:
Այդ ժամանակ գեյերի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայտնելով, որ Մոլդովայում խախտվել են Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 11-րդ և 14-րդ հոդվածները (ազատ հավաքի իրավունք և խտրականության արգելք):
Գործի քննությամբ՝ եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ հօգուտ հայցվորի: Դատարանը պարտավորեցրել է Մոլդովայի իշխանություններին կազմակերպությանը վճարել փոխհատուցում բարոյական և նյութական վնասի, ինչպես նաև դատական քաշքշուկներ համար՝ 11 հազար եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ վերջերս Մոլդովայում ընդունվել է սեռական փոքրամասնությունների խտրականությունն արգելող օրենք, ինչն առաջացրել է կաթոլիկ հավատացյալների զայրույթը: Այդ օրենքի ընդունումը պայմաններից մեկն էր, որոնց կատարման դեպքում Եվրամիությունը խոստացել է Մոլդովային հետ պարզեցնել վիզային ռեժիմը:










































