Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կողմից ԿԳ նախարարի հրամանը վիճարկող դատաքննության նախնական դատական նիստը:
Զոլյանը հայցով վիճարկում է իր լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ԿԳՆ որոշումը: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորին դատարանում ներկայացնում է փաստաբան Լիանա Գրիգորյանը, ով «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ քանի որ սա դեռ նախնական նիստ է, դատարանում իրենք ներկայացրել են հայցի հիմնավորումները: Դատարանը որոշել է, թե որ կողմը պետք է կրի ապացուցման պարտավորությունը, իսկ բեռը, փաստաբանի խոսքով, մեծ մասով ընկել է Կրթության և գիտության նախարարության վրա, որը պետք է հիմնավորի իր կայացրած որոշումները:
Նշենք, որ Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել էր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդունել, որում նա խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը: Նախկին ռեկտորը մտադիր է հետագայում այն վիճարկել Վճռաբեկ դատարանում, այնուհետև Սահմանադրական և Եվրոպական դատարաններում:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան՝ Զոլյանը դիմել է դատարան: Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետևել է երկրորդը, այնուհետև նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:
Դատարանն այսօր այս գործով հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 2-ին:










































