Անցյալ տարվա հունիսից մինչ օրս Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ստացվել է 477 դիմում-բողոք: ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչությունը ամփոփելով իր գործունեության մեկ տարին՝ տեղեկացնում է, որ հարուցված 2 վարույթներով դատավոր Ա. Հովսեփյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ դատավոր Ա. Օհանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից կարճվել է:
Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա 7 նոտարի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Այս պահի դրությամբ e-register.am կայքում գրանցված է 765 հիմնադրամ, որոնցից միայն 265 -ն է ներկայացրել հաշվետվություն ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն: Մնացած 500 հիմնադրամի մասով, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, կազմվել են համապատասխան որոշումներ՝ վարչական տույժ նշանակելու մասին, և տրվել է երեսնօրյա ժամկետ հաշվետվությունները հրապարակելու համար:
ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 272 է, որոնցից երկուսով կատարվել է ծառայողական քննություն, մեկով հարուցվել է վարչական վարույթ:
ՔԿՀ ծառայության վերաբերյալ դիմումների թիվը 236 է, որոնցից մեկով կատարվել է ծառայողական քննություն:
ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության մեկ տարվա գործունեության առավել ծավալուն ամփոփումը՝ առաջիկա ասուլիսի ընթացքում:










































