Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձերբակալված Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել: Նա մեղադրվում էր խուլիգանություն գործելու (ոստիկանության աշխատակցի նկատմամբ ուժ գործադրելու) համար:
Սաբաիլի շրջանային դատարանի նախագահ Ռաուֆ Ահմադովի որոշմամբ Հուսեյնովն ազատ է արձակվել, թեպետ դատախազն ու քննիչը պահանջում էին Հուսեյնովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:
Չնայած դրան՝ Հուսեյնովի նկատմամբ քրեական գործը չի կարճվել: Այժմ նա գտնվելու է ոստիկանության հսկողության ներքո և մեղադրվում է 221.2.2 հոդվածով (խուլիգանություն՝ կապված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգ պահպանողին դիմադրելու կամ հասարակական կարգ խախտելու հետ): Դա նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում:
Ուշագրավ է, որ սկզբնական շրջանում Հուսեյնովի նկատմամբ մեղադրանք էր հարուցվել 221.1 հոդվածով, որով նախատեսվում է մինչև 1 տարվա ազատազրկում:










































